Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ի՟նչ էին տեսնում Տիգրան Պետրոսյանի «հայկական հին աչքերը»

Ի՟նչ էին տեսնում Տիգրան Պետրոսյանի «հայկական հին աչքերը»
16.06.2009 | 00:00

ՎԱՂԸ` ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ, ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 80 ՏԱՐԵԿԱՆ
1963-ի մայիսի 20-ին, ժամը 17-ն անց վեց րոպեին, Մոսկվայի էստրադային թատրոնի դահլիճը թնդաց բուռն ծափողջույններից: Նույն պահին էլ անհամբեր մարզասերները ներխուժեցին մրցաբեմ, որպեսզի անձամբ շնորհավորեն իրենց կուռքին` Տիգրան Պետրոսյանին, ով աշխարհի չեմպիոնի կոչման համար մղվող դժվարին պայքարում համոզիչ հաղթանակ էր տարել «երկաթյա» Միխայիլ Բոտվիննիկի նկատմամբ: Իսկ քիչ անց, դրսում` էստրադային թատրոնի շրջակայքում, հայ մարդիկ ավանդական «Քոչարի» էին պարում: Բազմությունը հետզհետե շատանում էր: Անցորդները մի պահ կանգ էին առնում ու զարմացած հարցնում.
-Ի՟նչ է պատահել, նորից մա՟րդ է թռել տիեզերք...
Նույն օրը երեկոյան Երևանում իսկական տոնակատարություն էր: Ժողովուրդը դուրս էր եկել փողոցները, բոլորը շնորհավորում էին միմյանց, ուրախանում համընդհանուր հաղթանակով: Մինչև ուշ գիշեր չէին լռում մարդկանց աղմուկն ու ավտոմեքենաների ազդանշանները:
Իսկ մինչ այդ հիշարժան օրը չափազանց դժվարին ու տատասկոտ է եղել Պետրոսյանի փառքի ճանապարհը: Կենտրոնում միշտ էլ եղել են վայ-մեկնաբաններ, վայ-շախմատիստներ ու անբարյացակամ մարդիկ, ովքեր թերահավատորեն են վերաբերվել Պետրոսյանի շողշողուն տաղանդի, խաղաոճի, «ոչ մարտունակ» բնավորության նկատմամբ: «Հարձակումներն» ու փնթփնթոցները շարունակվում էին նույնիսկ այն ժամանակ, երբ շախմատային թագն արդեն պատկանում էր Պետրոսյանին:
Դե, եկ ու համբերիր, դե, եկ ու մի հիասթափվիր այդ անվերջանալի թվացող անհիմն ու ոչ օբյեկտիվ հայտարարություններից, կարծիքներից: Չափի զգացում հասկացություն, զգացում, որ հին հույներն աստվածային պարգև էին անվանում, բոլորովին չկար: Ինչքա՟ն կարելի էր դիմանալ, հուզվել, զայրանալ, փշրվել, բայց հետո, հետո` հաղթել բոլորին, հաղթել նույնիսկ ինքդ քեզ: Այո, Պետրոսյանը մարզական մեծագույն սխրանք գործեց, իսկ այդ ամենը հաղթահարելու համար ինչպիսի կամք ու համառություն, տաղանդ ու բնավորություն պահանջվեց:
Ճիշտ է, Պետրոսյանը մշտական բնակություն էր հաստատել Մոսկվայում, այդուհանդերձ, նա միայնակ չէր իր պայքարում: Նրա հետ էր ամբողջ հայ ժողովուրդը, որը ոգևորում, բարոյական մեծ աջակցություն էր ցույց տալիս Պետրոսյանին` աշխարհի որ անկյունում էլ նա ելույթ ունենար: Իսկ գիտե՟ք, թե ինչպիսի մեծ պատասխանատվության և ոգևորության պահեր ես զգում, միաժամանակ որքան լրացուցիչ լիցք ստանում, երբ հենակետ ունես, երբ քո թիկունքում կանգնած է մի ժողովուրդ և անսահմանորեն հավատում է քեզ ու սպասում քո հաղթանակին:
Բոտվիննիկ-Պետրոսյան մրցամարտի օրերին երկրագնդի տարբեր վայրերից հազարավոր հեռագրեր ու նամակներ էին թռչում Մոսկվա, որոնցում մարդիկ Պետրոսյանին արտահայտում էին հավատի, նվիրվածության և հարգանքի ջերմ խոսքեր, բարեմաղթություններ, նույնիսկ խորհուրդներ էին տալիս, քառյակներ նվիրում: Իսկ Պետրոսյանի ամենահավատարիմ երկրպագուները, արձակուրդ կամ գործուղում ձևակերպելով, մեկնում էին Մոսկվա` ականատես լինելու անզիջում պայքարին, իմանալու մանրամասնությունները: Պետրոսյանը շատ հուզվեց, երբ առաջին օրը նրա ոտքերի տակ լցրին Հայաստանից բերված... հողը: Դե, դա դեռ բոլորը չէր: Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռները, որպես կանոն, Պետրոսյանին էին հասցնում թարմ միրգ, համեղ կերակուրներ, որոնցից նրան հատկապես դուր էր գալիս տոլման: Հասկանալի է, որ նա ի վիճակի չէր բոլորից համտես անելու, բայց չէ՟ որ էականը դա չէր: Կարևորն այն էր, որ Պետրոսյանը քաջ գիտակցում էր, որ պայքարում էր ոչ միայն իր, այլև իր ազգի պատվի և հեղինակության համար: Նա չէր մոռանում իր ընկերներից մեկի կեսկատակ խոսքը.
-Տիգրան, սիրելիս, զգույշ վարվիր խաղաքարերի հետ: Միշտ հիշիր, որ այդ համեստ զինվորները, քամելեոն ձիերը, հեռահար փղերը, դանդաղաշարժ նավակները և ամենազոր թագուհիները միայն քոնը չեն, դրանք նաև հայ ժողովրդինն են:
Պետրոսյանի համար հիշարժան էր նաև մրցամարտից առաջ Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանի հետ կայացած մտերմիկ հեռախոսազրույցը: Աշխարհահռչակ գիտնականը, որ նոր էր վերադարձել Ավստրալիայից, իր հայրենակցին մաղթեց հաջողություններ այդ դժվարին ու բախտորոշ մրցապայքարում:
Իսկ երբ 1966-ին Պետրոսյանը հաղթեց նաև Բորիս Սպասսկուն և պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը, ականավոր գիտնականը գրեց. «Ինձ հաճույք է պատճառում, որ գոյություն ունի մտավոր գործունեության մի բնագավառ, որտեղ հնարավոր է օբյեկտիվորեն համեմատել տարբեր անձնավորությունների մտքի կարողությունները և միարժեք կերպով որոշել, թե ով է հզորագույնն աշխարհում: Այդպիսի գերազանցությունը պատկանում է մեր հարազատ Տիգրան Պետրոսյանին: Նա պետք է հաղթեր այդ վերջին մրցամարտում ևս, որովհետև չբավարարվեց ձեռք բերածով, շարունակեց սրել իր զենքը, շախմատային ստեղծագործ միտքը: Տիգրանը հաղթեց, և խորհրդային մարդիկ պարծանքով են արտասանում նրա անունը: Ողջույն հաղթողին»:
Պետրոսյանի տիտանական պայքարին, անշուշտ, անհաղորդ չէին նաև Հայաստանի ղեկավարները, ովքեր անհանգստացել էին, երբ հավակնորդն անհաջող էր սկսել մրցամարտը: Պարտության հաջորդ օրը ՀԿԿ կենտկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Յակով Զարոբյանը, որ նաև մոլի շախմատասեր էր, իր մոտ հրավիրեց ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր, Պետրոսյանի ջերմ բարեկամ Լորիս Քալաշյանին և առաջարկեց շտապ մեկնել Մոսկվա: Զրույցի ժամանակ հատկապես նշեց, որ Պետրոսյանին նորից ու նորից պետք է հիշեցնել ազգային այն ակամա պատասխանատվության մասին, որն ընկած էր նրա ուսերին:
Այն տարիներին Պետրոսյանը զգում էր նաև մեծահամբավ ծանրորդ Սերգո Համբարձումյանի հովանավորությունը: Մոսկվայում Պետրոսյանի «անվտանգությունը» հենց համաշխարհային ռեկորդակիրն էր պահպանում: Մենամարտերից առաջ և հետո հայ դյուցազունն իրեն հատուկ եռանդով և ուժով հետ էր մղում Պետրոսյանի երկրպագուների «գրոհները»:
Պետրոսյանը զգայուն ընկեր էր, դիտունակ մարդ և խորաթափանց հայացք ուներ: Մարդու կերպարի մեջ նա բացահայտում էր մանրուք թվացող շատ բաներ, նրբություններ: Տեսնում էր շատ բաներ, բայց «քամում էր» միայն հաճելին, օգտակարը, նաև զավեշտականը: Մարդկանց հետ զրույցների ժամանակ նա իրեն այնպես հասարակ, այնպես անմիջական էր պահում, որ շատ շուտով խոսակիցը «դու»-ի էր անցնում: Մի անգամ, երբ նրան հարցրին, արդյոք իրեն հա՟յ է զգում, թե՟ շախմատի աշխարհի չեմպիոն, Պետրոսյանը պատասխանեց.
-Մշտապես, պայքարի մեջ մտնելով, ես հպարտություն եմ զգում, որ ներկայացնում եմ հայ ժողովրդին:
Բոլոր տարիներին հազար թելերով կապված էր Հայաստանի հետ: Ստեղծագործական սերտ կապերի մեջ էր հայ շախմատիստների հետ, հաճախ էր հետաքրքրվում նրանց մրցելույթներով: Նա, իսկապես, իր ողջ հոգով ու էությամբ հայ էր: Որդուն` Վարդանին, հաճախ էր հիշեցնում, որ նա հայ է և արժանի պետք է լինի իր ազգին: Հատկապես չեմպիոնության տարիներին, բնականաբար, շատ հեռախոսազանգեր էին լինում Հայաստանից, իսկ դրանք կարող էին նույնիսկ ձանձրացնել, բայց, իհարկե, ոչ Պետրոսյանին: Նման դեպքերում նա վճռականորեն ասում էր` չէ՟ որ զանգահարողն իմ հայրենակիցն է: Նույնիսկ վերլուծությունների կամ կայծակնային խաղերի ժամանակ, երբ Պետրոսյանը հնարամիտ քայլ էր գտնում, հպարտությամբ բացականչում էր.
-Ախ, ինչ ասես, որ չեն տեսնում իմ հայկական հին աչքերը...
Հայերի հետ պարտադիր խոսում էր հայերեն: Նույնիսկ այն դեպքում, երբ հայ զրուցակիցը խոսում էր ռուսերեն, միևնույն է, նա պատասխանում էր հայերեն: Ամեն անգամ, երբ առիթ էր լինում որևէ հայի ներկայացնելու, ասում էր. «Ծանոթացեք, խնդրեմ, հայ մեծ ժողովրդի ներկայացուցիչն է»:
Շատ էր սիրում Հայաստանը, հայրենակիցներին: Գտնվելով Երևանից հեռու` լավ էր զգում մայրաքաղաքի զարկերակը: Երբ դրսում հանդիպում էր երևանցիների, խորամանկորեն կկոցելով աչքերը` պնդում էր, որ ինքը մեր մասին այնքան շատ ու զարմանալի բաներ գիտի, որոնց մասին նրանք անգամ տեղեկություն չունեն:
Պետրոսյանը հաճախ տուն էր հրավիրում Մոսկվայում բնակվող անվանի հայերի: Նրանք մեծ մասամբ հավաքվում էին դեկտեմբերի 31-ին, որպեսզի միասին շնորհավորեն Ամանորը և բաժակ բարձրացնեն հայ ժողովրդի բարօրության համար: Որտեղ էլ գտնվելիս լիներ աշխարհի 9-րդ չեմպիոնը, միշտ իրեն հայ էր զգում, իսկական հայ:
Չմոռանանք նաև, որ Բոտվիննիկին ձեռնոց նետելու իրավունքը Պետրոսյանը նվաճել էր 1962-ին, Կյուրասաոյում կայացած հավակնորդների մրցաշարում առաջին տեղը գրավելու շնորհիվ: Այդ հաղթանակից անմիջապես հետո նա ժամանեց Երևան: Երբ ԻԼ-18 ինքնաթիռը վայրէջք կատարեց, և լռեցին շարժիչները, ոչ մի ուղևոր փորձ չարեց տեղից շարժվել: Բոլորն անհամբեր սպասում էին Տիգրան Պետրոսյանի դուրս գալուն: Վերջապես եկավ բաղձալի պահը: Շարժասանդուղքի վրա երևաց Պետրոսյանը, բարի ժպիտը դեմքին, բայց չհասցրեց իջնել: Հաջորդ ակնթարթին նրան «փախցրին» և տարան ձեռքերի վրա...
Մի քանի օր իր երկրպագուների հետ անմոռաց հանդիպումներ ունենալուց հետո Կյուրասաոյի ճակատամարտերի հերոսը հայտարարեց.
-Մինչև այժմ ես գիտեի, որ հայ ժողովուրդը ջերմ զգացմունքներ է տածում իմ նկատմամբ, բայց այն, ինչ տեսա այս օրերին, գերազանցում է իմ բոլոր պատկերացումները: Ամենուր ինձ ընդունեցին հարազատ զավակի պես: Այդ մեծահոգի վերաբերմունքը և ինձ վրա դրված հույսերն այնքան են պարտավորեցնում, որ ես նույնիսկ վախենում եմ, որ պատասխանատվության այդքան բացառիկ զգացումը կարող է չափից ավելի շատ լինել: Ինձ թվում է, որ եթե ես չայցելեի Հայաստան, ապա Միխայիլ Բոտվիննիկի հետ կխաղայի ավելի համարձակ և ինքնավստահ, իսկ այժմ ստիպված եմ լինել չափազանց զգույշ և շրջահայաց` միշտ աչքի առաջ ունենալով այն պատասխանատվությունը, որ կրում եմ իմ ժողովրդի առջև, հաշվի առնելով, թե իմ անհաջողությունն ինչ մեծ կսկիծ և ափսոսանք կառաջացնի հայրենակիցներիս շրջանում:
Երբ 1968-ի դեկտեմբերի 21-ին Տիգրան Պետրոսյանը Երևանի պետական համալսարանում փայլուն պաշտպանեց թեկնածուական թեզ, «Երեկոյան Երևան» թերթի խմբագրության հանձնարարությամբ, տողերիս հեղինակը հարցազրույց ունեցավ նրա հետ: Մեր հանդիպման սկզբին նա նախ հայտնեց Նոր տարվա բարեմաղթանքը.
-Իմ առաջին ցանկությունն է,- ասաց աշխարհի կրկնակի և Խորհրդային Միության քառակի չեմպիոնը,- հայկական շախմատը տեսնել իր իսկական բարձրության վրա:
ՈՒրախությամբ նշենք, որ Պետրոսյանի ցանկությունը վաղուց է իրականացել: 1963-ի պատմական հաղթանակը վճռորոշ եղավ Հայաստանում շախմատային արվեստի մասսայականացման և զարգացման համար: Մեր շախմատիստները շարունակում են փայլել համաշխարհային ամենախոշոր մրցաբեմերում: Այնպես որ, այսօր փոքրիկ Հայաստանը շախմատային հզոր պետությունների մեջ իրավամբ զբաղեցնում է առաջնակարգ դիրքեր:
Գագիկ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3500

Մեկնաբանություններ